Մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանը գործնականում տանող քայլերը։ Կրեմլի խոսնակի խոսքերը մեջ է բերել «ՌԻԱ նովոստի»-ն:
«Այն ամենը, ինչ ոչ թե խոսքով, այլ գործով է, և ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ իրականում, հանգիստ և գործնական կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը կարելի է միայն ողջունել: Կարո՞ղ են նման ամպագոռգոռ հայտարարությունները և գործողությունները իրականում նպաստել նորմալացմանը՝ տեսնենք, ժամանակի հետ ամեն ինչ պարզ կլինի»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը գնահատում Փելոսիի այցը Հայաստան և արդյոք այդ ուղևորությունը կարող է ծառայել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը:
Փելոսին սեպտեմբերի 17-19-ը այցելել է Հայաստան, որի ժամանակ հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է Panorama.am-ը։