Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպող գործոն կլինի. ՔՊ-ական պատգամավոր

12:33     10 հոկտեմբերի, 2022

Հայ-ադրեբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը կնպաստի կայունացմանը և ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար ևս մեկ լրացուցիչ զսպող գործոն կլինի: Արմենպրես-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա՝ Ադրբեջանը պետք է դուրս գա մեր տարածքներից, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ ոչ մի պայմանով: Այդ առաքելությունը, մեր կարծիքով, միանշանակ կնպաստի կայունացմանը և ևս մեկ լրացուցիչ զսպող գործոն կլինի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար»,-ասաց Վահագն Ալեքսանյանը:

Իսկ թե քաղաքացիական առաքելությունը ե՞րբ է տեղակայվելու՝ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ասաց, որ այս պահին պարզ չէ, թե կոնկրետ ո՞ր օրը կլինի տեղակայումը, որովհետև քննարկման փուլում է:

«Սակայն, ինչպես նշված էր հաղորդագրության մեջ, պետք է տեղի ունենա հոկտեմբերին: Ակնկալում ենք՝ մինչև ամսվա վերջ»,-նշեց պատգամավորը:


© armedia.am