ԵԽԽՎ 47 պատգամավոր դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան

10:17     19 հոկտեմբերի, 2022

ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որով դատապարտում են ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, փոխանցում է Armradio.am-ը։

Նշելով, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ 2022 թվականի սեպտեմբերին, օրենսդիրները շեշտում են, որ «այս գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի խիտ բնակեցված բնակավայրերում՝ պատճառ դառնալով հարյուրավոր մարդկային կորուստներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում»։

«Կան խոշտանգումների, գերի ընկած և մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խեղման դեպքերի սարսափելի ապացույցներ», — ասում են պատգամավորները:

Խորհրդարանականները խստագույնս դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան, որը բացահայտ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, միջազգային մարդասիրական իրավունքը և ԵԽ-ի առջև Ադրբեջանի պարտավորությունները։

«Մենք դատապարտում ենք նաև ադրբեջանական զինուժի կողմից ռազմագերիների դիտավորյալ սպանությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը, որոնց տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում», — նշում են հայտարարությունը ստորագրած պատգամավորները:

Նրանք կոչ են անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից և խաղաղ ճանապարհով ներգրավվել բանակցային գործընթացում: Նրանք նաև պահանջում են ադրբեջանական զինուժի անհապաղ և անվերապահ դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր գերիների անհապաղ ազատ արձակում:


© armedia.am