Թավրիզում կհիմնվի Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը

17:40     21 հոկտեմբերի, 2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է  Իրանում՝ Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն հիմնելու հայկական կողմի մտադրությունը, փոխանցում է Aysor-ը: 

Միրզոյանն այդ մասին ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողության ժամանակ։  

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր»,-նշել է ԱԳ նախարարը:

Հիշեցնենք՝ Կապանում  Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այսօր։ Հայաստանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ելույթի ժամանակ հայտարարել է՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։


© armedia.am