Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը:
Այս մասին տեղեկացրել են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Ա. Լազարյանի ներկայացմամբ՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծով առաջարկվում է ամրագրել սահմանադրաիրավական փոփոխությունների իրականացման առավել ճկուն գործիքակազմ՝ այդ կերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակը, ներքին և արտաքին սպառնալիքները:
Արդյունքում առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրությունը և Սահմանադրության 175-րդ հոդվածում «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները» փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեցողների շրջանակը:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, և 1-ին ընթերցմամբ այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում: