Հայաստան է ժամանել Ինտերպոլի գլխավոր քարտուղարը

22:03     27 հոկտեմբերի, 2022

ՀՀ ոստիկանության պետի հրավերով հոկտեմբերի 27-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը։ Նրան ոստիկանությունում ընդունեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

ՀՀ ոստիկանության պետը, Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ու ոստիկանության կոլեգիայի անդամները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ողջունելով Յուրգեն Շթոքին, բարձր գնահատեց Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի դերակատարումն ու ներդրումը միջազգային հանցավորության դեմ պայքարի գործում։

Վահե Ղազարյանը նշեց, որ այս տարի լրանում է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ստեղծման 30-ամյակը։ Նա ընդգծեց, որ առավել ակտիվ համագործակցություն է իրականացվում հանցավորության այնպիսի ոլորտների դեմ պայքարում, ինչպիսիք են կիբերհանցավորությունն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող ֆինանսական բնույթի հանցագործությունները, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, կազմակերպված հանցավորությունը և այլն։
ՀՀ ոստիկանության պետը պատրաստակամություն հայտնեց շարունակել ջանքները՝ ուղղված հանցավորության բոլոր դրսևորումների դեմ պայքարին:

Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մատնանշեց կարևոր համագործակցության մի քանի ուղղություն։ Նա նշեց, որ 2023 թվականին լրանում է Ինտերպոլի 100-ամյակը, և կառույցի արդյունավետ գործունեության գրավականը անդամ-պետություններում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների աշխատանքն ու սերտ համագործակցությունն է։
Յուրգեն Շթոքը խոսեց նաև հանցավորության նոր տեսակների մասին։ Կողմերը քննարկեցին դրանց դեմ պայքարին վերաբերող հարցեր։


© armedia.am