Մենք պետք է հիշենք անցյալը, որպեսզի չկրկնվի նման ողբերգություն. ֆրանսիացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

15:00     28 հոկտեմբերի, 2022

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Օրենսդիրները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Ֆրանսիացի խորհրդարանականները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով. «Մենք պետք է հիշենք անցյալը, որպեսզի չկրկնվի նման ողբերգություն: Ֆրանսիան մշտապես կլինի Հայաստանի կողքին»:


© armedia.am