Գնել Սանոսյանն Իրանի քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը

13:37     1 նոյեմբերի, 2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ 

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ Իրանում նախարարը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ 

Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։ 

Քննարկվել է նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը։ Սանոսյանն անդրադարձել է նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանցի եկող բեռնափոխադրումների ծավալները։ 

Կարևորվել է ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ 


© armedia.am