Հայաստան ենք եկել որպես Հայաստանի ընկերներ. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդիպել են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներին

15:01     1 նոյեմբերի, 2022

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն իրենց օբյեկտիվ հայտարարություններով և քայլերով նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը. ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի,  Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լարս Պատրիկ Բերգի հետ նոյեմբերի 1-ի հանդիպման ժամանակ:

Պետեր վան Դալենը նշել է, որ իրենք Հայաստան են եկել որպես Հայաստանի ընկերներ և այցի շրջանակում կլինեն նաև Սյունիքի մարզում:

Պատգամավորները քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Եվրախորհրդարանում առաջիկայում քննարկվելիք Հայաստանի մասին զեկույցին, ինչպես նաև՝ Հայաստան-Եվրոպական միություն կապերի հետագա ընդլայնմանն առնչվող խնդիրներին:

Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արսեն Թորոսյանը և Սոնա Ղազարյանը:


© armedia.am