«Մանկական Եվրատեսիլի» ստեղծագործական թիմը պատրաստ է հյուրընկալել Անաստասիա և Մարիա Տոլմաչևներին

19:34     1 նոյեմբերի, 2022

«Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ, և «Մանկական Եվրատեսիլի» ստեղծագործական թիմը պատրաստ է հյուրընկալել Անաստասիա և Մարիա Տոլմաչևներին»: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հանրային հեռուստաընկերության  Հանրային կապերի և թվային հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը։

Հիշեցնենք, որ այսօր «Ռիա Նովոստի» գործակալությունը գրել էր, որ Մանկական Եվրատեսիլ մրցույթի  2006 թվականին հաղթողներին՝ ռուսաստանցի քույրեր Անաստասիա և Մարիա Տոլմաչևներն այս տարվա շոուին մասնակցելու հրավեր չեն ստացել կազմակերպիչներից։

««Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի ստեղծագործական թիմը նախապես կապ է հաստատել մրցույթի բոլոր հաղթողների և/կամ հանրային հեռարձակողներին հետ առանց բացառության, այդ թվում՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Ռուսաստանի պրոդյուսերական թիմի հետ:

Հրավերին ի պատասխան՝ նշվել է, որ երգչուհիների ներկայությունը հոբելյանական միջոցառմանը նպատակահարմար չէ: Առաջարկվել է նաև տեսաուղերձ ուղարկել, ինչը ևս մերժվել է»,-ասաց Աննա Օհանյանը։

Մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։


© armedia.am