Հարավային Կովկասում իրանական մշակութային ժառանգությունը խեղաթյուրվել եւ ոչնչացվել է. ՀՀ-ում Իրանի դեսպան

18:00     22 դեկտեմբերի, 2022

Ցավոք, երկար ժամանակ մենք ականատես ենք եղել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրանական մշակութային ժառանգության խեղաթյուրմանն ու ոչնչացման փորձերին։ Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ը, այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, «իրանական մշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Նա հավելեց, որ իրանական մշակութային և պատմական ժառանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում պահպանվում է, սակայն մի մասը ոչնչացվել է կամ խեղաթյուրվել: Դիվանագետը պարզաբանեց, որ դա վերաբերում է ե՛ւ նյութական, ե՛ւ ոչ նյութական ժառանգությանը։ 

Այդ կապակցությամբ դեսպանը համապատասխան քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն է տեսնում։

Նա նշեց, որ օտար մշակութային ժառանգության իմացությունը կարող է հիմք հանդիսանալ ժողովուրդների նկատմամբ հարգալից վերաբերմունքի համար նաև քաղաքական մակարդակում:

Դեսպանը մատնանշեց հայ և իրանցի ժողովուրդների հարուստ պատմական և մշակութային կապերը։


© armedia.am