Հանքավայրի շահագործումը ժամանակավորապես կդադարեցվի․ Արցախի կառավարություն

19:41     28 դեկտեմբերի, 2022

Արցախի Հանրապետության կառավարությունը, մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները:

«Հաշվի առնելով  սակայն  հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ  միջավայրն  ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը,  որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված  միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը:

Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել  է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը  սեղմ ժամկետներում  կազմակերպելու համար:

Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել  հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար»,- ասվում է  Արցախի Հանրապետության կառավարության տարածած հաղորդագրությունում։


© armedia.am