Կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոնկրետ գործողություններ կիրառել միջանցքի բացման կամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ․ Արցախի ԱԺ նախագահ

13:41     5 հունվարի, 2023

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի կոչը տարածել է ԱՀ ԱԺ-ի հանրային կապերի վարչությունը։

Կոչում, մասնավորապես, ասվում է․

«Դիմում ենք  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Այսօր 25 -րդ օրն է, ինչ  շարունակվում է փակ մնալ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:

Արցախյան հիմնախնդիրը միակ հակամարտությունն էր, որի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկիրները գրեթե նույն տեսակետն ունեին: Հումանիտար աննախադեպ աղետի առջև կանգնած Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով, ոչ միայն  հասցեական հայտարարությունների կարիք ունի, այլև, կարծում եմ, այդ ուղղությամբ գործուն ու տեսանելի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը կա: Առողջական ծանր խնդիրներով հիվանդները զրկված  են անհրաժեշտ դեղորայքից և առողջապահական ծառայություններից, Արցախը զրկված է մանկական սննդի և պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումից:

Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոնկրետ գործողություններ կիրառել միջանցքի բացման կամ օդային կամրջի՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ, ինչը թույլ կտա ձմեռային ժամանակաշրջանում փոքր-ինչ կանխելու Արցախում առկա հումանիտար տագնապալի ճգնաժամը»:


© armedia.am