Էրդողանն ու Պուտինը քննարկել են էներգետիկ ու տարածաշրջանային հարցեր

15:42     5 հունվարի, 2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղ ջանքերը պետք է ամրապնդվեն միակողմանի հրադադարով և «արդար լուծման տեսլականով», ինչպես հայտնում է NEWS.am-ը, հաղորդում Է Reuters-ը՝ հղում անելով Էրդողանի գրասենյակին։

«Հայտարարության մեջ ասվում է, որ երկու առաջնորդները քննարկել են էներգետիկայի և Սևծովյան միջանցքի հետ կապված հարցերը։ Էրդողանը Պուտինին ասել է, որ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Սիրիայի սահմանամերձ տարածաշրջանը քուրդ զինյալներից մաքրելու համար»,-գրում են ԶԼՄ-ները: 

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են էներգետիկայի հարցերը, թուրք-ռուսական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը և Սիրիան:

«Էրդողանը Պուտինին հայտարարել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու համար ճանապարհային քարտեզի ձևավորման կոնկրետ քայլերի նպատակադրման մասին։

Այս կապակցությամբ Էրդողանն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ջանքերի վրա։

Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին՝ Էրդողանը հիշեցրել է երկխոսության առաջմղման նախաձեռնությունների դրական արդյունքների մասին, ինչն արտահայտվել է «հացահատիկային միջանցքի», գերիների լայնածավալ փոխանակման և Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ձևավորման մասին պայմանավորվածությամբ:

«Նա ընդգծել է, որ խաղաղության և երկխոսության կոչերը պետք է աջակցվեն ռազմական գործողությունների միակողմանի դադարեցմամբ և տարաձայնությունների արդարացի կարգավորմամբ:

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել PKK/PYD/YPG ահաբեկիչների դեմ, այդ թվում՝ նրանցից մաքրել սիրիական Թալ-Ռիֆաթ և Մյունբիչ շրջանները։

Շարունակելով սիրիական թեման՝ Էրդողանը նշել է, որ Սիրիայի հարցում կոնկրետ արդյունքների հասնելու համար Բաշար Ասադի ռեժիմը պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի և մի շարք քայլեր իրականացնի քաղաքական գործընթացում»,-գրում են թուրքական ԶԼՄ-ները։


© armedia.am