HALO Trust-ը Լաչինի միջանցքում իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել

12:15     6 հունվարի, 2023

HALO Trust-ը լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ուղի հանդիսացող Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներով զբաղվող HALO Trust բարեգործական հասարակական կազմակերպության տարածած հայտարարությունը։

«Արգելափակման գրեթե մեկ ամսվա ընթացքում մենք ուշադիր հետևում ենք հումանիտար առումով դրա առաջացրած հետևանքներին։ HALO-ն Ղարաբաղում ունի շուրջ 100 տեղացի աշխատակից, և մենք հետևում ենք սննդի և այլ պարագաների հասանելիությանը նրանց և նրանց համայնքների համար», - նշված է կազմակերպության Twitter-ի էջում տարածված հայտարարությունում։

HALO-ն իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել՝ նաև օգնության պատրաստակամություն հայտնելով։

«Մենք մշտական կապի մեջ ենք մեր տարածաշրջանային գործընկերների և այլ մարդասիրական ընկերությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում համակարգելու հումանիտար օգնությունը»,- գրված է հայտարարությունում։

See The HALO Trust statement the ongoing Lachin corridor blockade below: pic.twitter.com/y1CTDgdgRD

— HALO NagornoKarabakh (@HALO_NK) January 5, 2023


© armedia.am