Արդեն 26 օր ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում՝ Ստեփանակերտի Մայր Տաճարում, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության պատարագ է մատուցվում։ Մարդիկ այսօր միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»: Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնյաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն: Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն: Ըստ հայ առաքելական եկեղեցու՝ ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվեց Հորդանան գետում: