Թեհրանի և Բաքվի միջև թյուրըմբռնումը լուծվել է. Իրանի խորհրդարանի նախագահ

12:50     10 հունվարի, 2023

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, անդրադառնալով իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը, հայտարարել է, որ Թեհրանի և Բաքվի միջև թյուրըմբռնումը լուծվել է։ Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

Ղալիբաֆն այս մասին հայտարարել է Ասիական խորհրդարանների վեհաժողովի 13-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Թուրքիա կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով վեհաժողովի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպմանը՝ Ղալիբաֆը հայտարարել է, որ երեք երկրների միջև քննարկվել են ապրանքների փոխադրման և տարանցման, ինչպես նաև էներգետիկայի հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ԱԳ նախարարների, պաշտպանության ղեկավարների, երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպումներ անցկացնելու հարցը։ 

Իրանի և Ադրբեջանի միջև վերջերս ծագած թյուրըմբռնման հանգուցալուծման մասին խոսելուց հետո Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ապագայում նախատեսվում է իր այցը Բաքու, փոխանցում է Tert.am-ը։


© armedia.am