«Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մենք ունենք 224 զոհված զինծառայող, որոնց աճյուններ արդեն ամփոփվել են մայր հողին և ունենք գտնվելու վայրն անհայտ 3 զինծառայողներ, որոնց գտնվելու հստակ վայրը պարզելու և նրանց մարմինները հնարավորության դեպքում դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, հայտնում է Panorama-ն։
Նա վստահեցնում է, որ ամեն ինչ արվում է, ընդհուպ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու միջոցով, որպեսզի հնարավորություն ընձեռնվի զոհված զինծառայողների մարմինները դուրս բերել։
Հարցին՝ բավական երկար ժամանակ է անցել, ի՞նչ պատճառաբանություն է ներկայացվում ադրբեջանական կողմից թույլ չտալով դուրս բերել Շիրազ Խաչատրյանի դին, փոխնախարարը պատասխանեց. «Սկսած տեղանքից, ռիսկերից, վտանգներից: Մենք հնարավորության դեպքում անմիջապես արձագանքելու որևէ խոչընդոտ չունենք: Տարվում են աշխատանքներ, որպեսզի կոմպրոմիսի եղանակով հնարավորություն ստեղծվի արագ այդ մարմինը դուրս բերենք տարածքից»,- ասաց պաշտպանության փոխնախարարը: