Երևանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, աբսուրդ են. Զախարովա

14:45     12 հունվարի, 2023

Հայտարարությունները, թե իբր, Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթ են, այս մասին  հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Aysor.am-ը։

«Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները կապված են ամուր բարեկամական կապերով, նրանք արմատացած են պատմության խորքերում: Մենք վճռական ենք ամեն կերպ շարունակելու ամրապնդել ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ։ Այս ֆոնին Երևանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը որոշակի վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, աբսուրդ են», - ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ ռուս զինվորական սահմանապահները տասնամյակներ շարունակ զգալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության ապահովման և սահմանների պահպանման գործում։

«Սա օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի հերքել», - ասել է նա։

Հիշեցնենք՝ հունվարի 10-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ստացվում է, որ ՌԴ ռազմական  ներկայությունը ոչ միայն  չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ, ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»։

 


© armedia.am