Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին: NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ալիևի վարչակազմին։
Ալիևը փորձել է հավաստիացնել դեսպանին, որ Լեռնային Ղարաբաղի ոչ մի շրջափակում չկա։ «Վերջին ժամանակներս Հայաստանն անհիմն պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի տարածքում Լաչին-Խանքենդի ճանապարհի իբր փակման մասին, այդ մեղադրանքները բացարձակ սուտ են և անհեթեթ»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ «վերոհիշյալ ճանապարհով ապահովվում է քաղաքացիական նշանակության բեռների և քաղաքացիական անձանց փոխադրումը ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի գծով»։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի 12-ից «այդ ճանապարհով երկու ուղղություններով էլ ապահովվել է շուրջ 1000 տրանսպորտային միջոցների երթևեկություն»։
«Ալիևը նաև կարևորել է ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման դադարեցումը և Ադրբեջանի կողմից այդ հանքավայրերի մշտական մոնիթորինգի ապահովումը»,-մեջբերում են ԶԼՄ-ները: