Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը. ՌԴ ԱԳՆ

23:05     31 հունվարի, 2023

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

«Հունվարի 31-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարները շարունակել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների քննարկումը»,- նշել են դիվանագիտական ​​գերատեսչությունում։

Զրույցի ընթացքում «ընդգծվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով համաչափ աշխատանքի վերսկսման կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»։

«Այս համատեքստում հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների միջև բանակցությունների հաջորդ փուլը երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։


© armedia.am