Ռուսաստանը խախտում է հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը. ԱՄՆ

12:03     1 փետրվարի, 2023

ԱՄՆ-ն երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանը խախտում է միջուկային սպառազինությունների վերահսկման պայմանագիրը (СНВ-3)՝ հրաժարվելով տեսչական գործունեություն թույլ տալ իր տարածքում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Հիշեցնենք, որ պայմանագիրն ուժի մեջ է մտել 2011թ. և հինգ տարով երկարացվել 2021-ին։ Այն սահմանափակում է ռազմավարական միջուկային մարտագլխիկների քանակությունը, որոնք կարող են տեղակայել ԱՄՆ-ն և Ռուսաստանը, ինչպես նաև վերերկրյա և ստորջրյա բազավորման հրթիռների և դրանք տեղափոխող ռմբակոծիչների օգտագործումը։

«Տեսչական գործունեությանն աջակցելուց Ռուսաստանի հրաժարումը խանգարում է Միացյալ Նահանգներին պայմանագրով նախատեսված կարևոր քայլերի իրականացման հարցում և սպառնում է միջուկային սպառազինությունների ամերիկա-ռուսական վերահսկողության կենսունակությանը»,- երեքշաբթի հրապարակված էլեկտրոնային նամակում նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Օգոստոսին Մոսկվան դադարեցրել է պայմանագրի շրջանակում տեսչությունների հետ համագործակցությունը՝ դրանում մեղադրելով Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո մտցրած ուղևորությունների սահմանափակումների համար, բայց հայտարարել է, որ նախկինի պես հավատարիմ է պայմանագրի դրույթներին։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ավելացրել է, որ Ռուսաստանը պայմանագրի կատարմանը վերադառնալու «հստակ ճանապարհ» ունի տեսչական գործունեությունը թույլատրելու միջոցով, և որ Վաշինգտոնը նախկինի պես պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ՝ պայմանագրի դրույթների լիարժեք կատարման համար։

«Միջուկային սպառազինությունների կրճատման նոր պայմանագիրը նախկինի պես համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին»,- ընդգծել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունները նոր պայմանագրի շրջանակում տեսչություների վերականգնման մասին պետք է տեղի ունենային նոյեմբերին Եգիպտոսում, բայց Ռուսաստանը հետաձգել է դրանք, և նոր ժամկետ չի նշանակվել։


© armedia.am