Բաքուն ավելի մասշտաբային հարձակում էր պատրաստում. փոխարտգործնախարարը՝ Իրանի դերի մասին

12:37     1 փետրվարի, 2023

 

Հայկական կողմը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պատրաստվում էր Հայաստանի դեմ ավելի մասշտաբային ագրեսիայի։ Al-Monitor պարբերականի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։
Նա նշել է, որ Բաքվի ագրեսիվ ծրագրերը շատ ավելի մասշտաբային էին, քան այն ռազմական գործողությունները, որ տեղի ունեցան սեպտեմբերի 13-14-ին: Վահան Կոստանյանի խոսքով` Իրանի գործողությունների ու հայտարարությունների շնորհիվ է 2022թ.–ի սեպտեմբերին հաջողվել խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:
Ըստ էության` պաշտոնական Երևանը փոխարտգործնախարարի շուրթերով առաջին անգամ ընդունում է Իրանի դերը անցած տարվա սեպտեմբերին լայնածավալ հակամարտությունը կանխելու գործում։
Ըստ Կոստանյանի` Իրանն այսօր Հայաստանի կարևոր գործընկերն է։
«Իրանի և Վրաստանի հետ սահմանը հանրապետության համար առաջնային նշանակություն ունի, դրանք Հայաստանի բնական դարպասներն են դեպի արտաքին աշխարհ»,– ասել է նա:
Անդրադառնալով Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերին` պաշտոնյան հայտարարել է, որ իրանական զենքի գնումը չի մտնում ՀՀ ծրագրերի մեջ։
Խոսելով Ադրբեջանի նպատակների մասին` արտաքին գործերի փոխնախարարն առանձնացրել է երեքը` Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելը, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածություն հրահրելը և ստիպելը Հայաստանին զիջումների գնալ։

 


© armedia.am