Պետդեպ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացումը կարևոր նշանակություն ունի Բլինքենի համար

12:30     2 փետրվարի, 2023

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացումը կարևոր նշնակություն ունի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, և Պետդեպն այդ հարցին մեծ ուշադրություն է հատկացնում։ Panorama-ի հաղորդմամբ այս մասին լրագրողների հետ ճապազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։

Նա հիշեցրել է, որ պետքարտուղարը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ, ԱՄՆ-ն շարունակում է զբաղվել այդ հարցով։

Անդրադառնալով դիվանագետ Լուի Բոնոյին Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական նշանակելուն՝ Վեդանտ Պատելը նշել է, որ նա կգլխավորի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ԱՄՆ ջանքերը։

«Նա նաև կներկայացնի Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ձևաչափում, ինչպես նախկինում արել են այս պաշտոնում նրա նախորդները։ Ինչ վերաբերում է նրա որակավորմանը, ինչպես ասացի, սա Բայդենի վարչակազմի համար առաջնահերթություն է։ Պարոն Բոնոն ստորաբաժանման ավագ մենեջեր է, որը մեծ փորձ ունի բարդ խնդիրների լուծման գործում: Եվ նա վայելում է պետքարտուղար Բլինքենի  անձնական, նաև ամբողջ գերատեսչության վստահությունը՝ ստանձնելու այս նոր դերը»,- ասել է Պատելը:

Նա հավելել է, որ Լուի Բոնոյի տարածաշրջան մեկնելու վերաբերյալ դեռ կոնկրետ տեղեկություններ չկան։


© armedia.am