ՆԱՏՕ-ի երկրները կարծում են, որ Ռուսաստանը չի կատարում «START»-ի պայմանները

17:59     3 փետրվարի, 2023

Հյուսիսատլանտյան դաշինքը կարծում է, որ Ռուսաստանը չի կատարել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին պայմանագրի (START) պայմանները և Մոսկվային կոչ է անում վերսկսել միջուկային զինանոցների ստուգումները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Դաշնակիցները մտահոգությամբ նշում են, որ Ռուսաստանը չի կատարել «START» պայմանագրով նախատեսված իրավաբանորեն պարտադիր բնույթ կրող իր պարտավորությունները։

2022 թվականի օգոստոսից ի վեր ԱՄՆ-ի տեսչական գործունեությունը Ռուսաստանի տարածքում թույլ տալուց հրաժարվելը խոչընդոտում է ԱՄՆ-ի կարևոր իրավունքների իրականացմանը՝ համաձայն այս պայմանագրի և խաթարում է Միացյալ Նահանգների կարողությունը՝ պատշաճ կերպով ստուգելու Ռուսաստանի կողմից պայմանագրի սահմանափակումների համապատասխանությունը»,- ասվում է դաշինքի ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ:

ՆԱՏՕ-ի երկրները «կոչ են արել Ռուսաստանին կատարել այս պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները»։


© armedia.am