Իրանը հերքել է Ռուսաստանի հետ համատեղ ԱԹՍ-ների արտադրության գործարանի կառուցման մասին լուրերը

14:28     7 փետրվարի, 2023

Թեհրանը հերքում է The Wall Street Journal-ի պնդումները, թե Իրանն ու Ռուսաստանը, իբր, համատեղ անօդաչու սարքերի գործարան են կառուցում։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին, փոխանցում է Վեդոմոստին։

«Զենք արտահանողներն ու պատերազմներ հրահրողները փորձում են արդարացնել իրենց երկկողմ գործողությունները և պատերազմի ծրագրման սխալ հաշվարկները՝ կեղծելով լուրերով,- Mehr գործակալությանը ասել է նա,-դա սխալ տեղեկություն է։ Ցավոք, հակամարտության կողմերից մեկի համար զենքի և տեխնիկայի խոշորագույն մատակարարները փորձում են մոլորության մեջ գցել հասարակությանը՝ սխալ տեղեկություններ տարածելով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ուկրաինական հակամարտությունում ոչ մի կողմին չի աջակցում և անգամ չի ծրագրում դա անել։ Նրա նպատակը հակամարտության քաղաքական լուծմանը հասնելն է»։

The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան՝ գնահատելու գործարանի կառուցման հնարավորությունը, որը կարող է արտադրել Իրանի կողմից նախագծված 6000 անօդաչու թռչող սարքեր, որպեսզի Ռուսաստանը դրանք օգտագործի Ուկրաինայի հետ հակամարտության ժամանակ, նշում է Mehr-ը:


© armedia.am