Որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ Վրաստանի դերը շատ կարևոր է. Տոյվո Կլաար

15:41     8 փետրվարի, 2023

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ հանդիպմանը մենք խոսեցինք նրա անձնական մասնակցության և Հայաստանի նախագահի և վարչապետի հետ փոխգործակցության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև նրանց մերձեցման հարցում որպես միջնորդ հանդես գալու նրա ցանկության մասին, մենք դրան աջակցում ենք։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Моамбе»-ին տված հարցազրույցում, փոխանցում է News.am-ը։

Տոյվո Կլաարը հույս ունի, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կդառնա ավելի սերտ:

Ինչպես ասում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ողջունելի է հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կամուրջի դեր կատարելու Վրաստանի ձգտումը։

"Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, Վրաստանի դերը՝ որպես կամուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև, շատ կարևոր է։ Մենք վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, և ես հույս ունեմ, որ ապագայում Եվրամիության և Վրաստանի, ԵՄ-ի և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև համագործակցությունն այդ ուղղությամբ էլ ավելի սերտ կլինի»,-ասել է Կլաարը։ 


© armedia.am