Մյունխենի համաժողովի կազմակերպիչները հրավիրել են հակաիրանական տրամադրություններ ունեցող մի շարք «ծաղրածուների»․ ԻԻՀ ԱԳՆ

16:29     18 փետրվարի, 2023

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին քննադատել է Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչներին մի շարք «հակաիրանական տրամադրություններ ունեցող ծաղրածուների հրավիրելու համար, որոնք ոչ մի ինքնություն չունեն», հաղորդում է Tasnim-ը:

Նա նաև դատապարտել է Մյունխենի խորհրդաժողովի կազմակերպիչներին Իրանի ժողովրդի կողմից Իսլամական հեղափոխությանն աջակցությունն անտեսելու համար:

«Նրանք, ովքեր անտեսում են իրանցիների ճնշող մեծամասնության աննախադեպ ներկայության 44 տարին՝ ի պաշտպանություն իրենց երկրի, հեղափոխության և ղեկավարության, և հրավիրում են մի շարք առանց ինքնության ծաղրածուների (Մյունխենի համաժողովին-խմբ.), չեն հավատում ժողովրդավարությանը և չգիտեն Իրանի հեղափոխությունն ու ժողովրդին»,-գրել է նա Twitter-ի իր էջում: 

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև նախազգուշացրել է երկրի հակառակորդներին և ընդդիմախոսներին, որ նրանք «շուտով ստիպված կլինեն ծնկի իջնել իրանական պետության համառության, հզորության և մեծության առջև»։ 

Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովն այս տարի չի հրավիրել Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներին։


© armedia.am