«Արմեդիա» ՏՎԳ: Արցախի նախագահը փետրվարի 23-ի ելությում, բացի Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելուց, խոսեց նաև Արցախի կարմիր գծերի և հետագա պայքարի մասին: Ըստ ձեզ, Արցախի շահերի տեսանկյունից որքանո՞վ է այսօր արդյունավետ ընտրված մարտավարությունը և ի՞նչ զարգացումների կարող ենք ականատես լինել Արցախի շուրջ առաջիկայում:
Կարեն Բեքարյան: Մինչև կարմիր գծեր ասվածի ներքո եղած կոնկրետ բովանդակության մասին խոսելը պետք է մի շարք կարևոր տարանջատումներ անենք:
Առաջինը, բովանդակությանն անդրադառնալն իմաստավորված է, եթե այն հայտարարողի նկատմամբ կա գոնե մինիմալ վստահություն: Մինչև բովանդակությանը հասնելը երկրորդ շատ կարևոր խնդիրն առկա լրջագույն հարցերն են, որոնք որոշիչ նշանակություն ունեն՝ այդ թվում բովանդակությանն առնչվող զարգացումներում: Նախ, բանակցող կողմերի կարգավիճակային տեսանկյունից ի՞նչ բանակցություններ են լինելու: Սա շատ կարևոր հարց է: Կարևոր է նաև թե ի՞նչ ձևաչափով և ի՞նչ միջնորդության ներքո են այդ բանակցություններն ընթանալու, ովքե՞ր կամ ո՞վ է բանակցողը: Վերջին հարցի հետ կապված կարևոր է և պետք է հիմք ընդունվի ոչ թե այն, ինչ հայտարարում է այդ բանակցողը, այլ նրա անցած ճանապարհը, դրա նկատմամբ վստահությունը կամ վստահության բացակայությունը: Եվ վերջապես, ի՞նչ օրակարգով են ընթանում այդ բանակցությունները:
Անգամ այս չորրորդ կետի պարագայում հայտարարվածը սրա հետ լիակատար հատման մեջ չի, քանի որ, եթե կա բանակցություն, օրակարգը ձևավորվելու է երկու կողմերի առաջադրած հարցերով: Այսինքն, օրակարգ ասելով՝ ի նկատի ունեմ նաև Ադրբեջանի կողմից առաջադրվածը:
Ուստի, երբ վերընշված հարցերը կունենան իրենց պատասխանները, այդ ժամանակ միայն արժե անդրադառնալ Արցախի՝ հայտարարված կարմիր գծերի բովանդակությանը, դետալներին և այլն:
Կրկնեմ, որ այդ կարմիր գծերը հայտարարողի խոսքին վստահության առումով շատ լուրջ հարցեր կան, որոնք մեկ օրում չեն կարող վերանալ՝ առավել ևս, որ այդ հայտարարողի խոսքի և գործի տարամիտումը չի ավարտվում: