ՄԻԵԴ–ում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գործ կա. Եղիշե Կիրակոսյան
Այս պահին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ–ում 4 գործ կա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, հաղորդում է Sputnik-ը։
Առաջին գործը վերաբերում է 2020 թվականի պատերազմին հաջորդող 2 ամիսներին կատարված դեպքերին, երկրորդը վերաբերում է գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին։ Երրորդը` ՀՀ–ի սուվերեն տարածքում Ադրբեջանի ԶՈւ–ի ներկայության և դրանով իսկ մարդու իրավունքների խախտման մասին է, իսկ չորրորդն էլ ներառում է 2022-ի մարտի Փառուխի դեպքերը, Արցախում գազանջատումները, Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումները։
«Ադրբեջանի կողմից հաստատված 33 գերիների դեմ ապօրինի դատավարությունների մասով որոշ տղաների հետ կապված դատարանի` միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումների ժամկետները լրացել են, սակայն նրանք շարունակում են բանտում պահվել։ Իրավական գործիքներով մաքսիմալ հնարավոր բոլոր ջանքերն արվել են։ Ցավոք, այս պահին լրացուցիչ որևէ անելիք չունենք այս մասով` եթե նոր փաստեր ենք գտնում, ներկայացնում ենք դատարանին»,–ասաց Կիրակոսյանը։
Նա հավելեց, որ գերեվարված զինծառայողների դատավարությունը բեմականացված էր՝ որոշակի ժամանակահատված հայ զինծառայողներին Ադրբեջանում պահելու համար։