Ղրղըզստանն առաջարկում է վեճերի դեպքում ՀԱՊԿ երկրների միջեւ ուժի չկիրառման մեխանիզմ ստեղծել

17:01     10 մարտի, 2023

Ղրղըզստանն առաջարկում է վեճերի դեպքում ՀԱՊԿ երկրների միջև ուժի չկիրառման մեխանիզմ ստեղծել։  Այս մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանը հայտարարել է Ղրղըզստանի արտգործնախարար Ժեենբեկ Կուլուբաևը, փոխանցում է news.am-ը։ 

«Կուլուբաևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ ներուժի հետագա ամրապնդման և զարգացման անհրաժեշտության վրա, հատկապես կազմակերպության պատասխանատվության գոտում ճգնաժամերի կանխման և ՀԱՊԿ անդամ պետությունների միջև վեճերի լուծման դեպքում իրավական ու քաղաքական առումով պարտավորեցնող ուժի չկիրառման մեխանիզմների մշակման վրա»,-ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։

Նախարարը զրուցակցին ասել է, որ Ղրղըզստանն «աջակցում է արտաքին սպառնալիքների և մարտահրավերների նկատմամբ իր անդամ երկրների հավաքական անվտանգության ապահովմանն ուղղված ՀԱՊԿ գործունեությանը»։

Իր հերթին, Տասմագամբետովը վստահեցրել է Ղրղըզստանի արտգործնախարարին, որ ՀԱՊԿ ներուժի զարգացման մասով հնչեցրած դիրքորոշումներն ու հանրապետության առաջարկները հաշվի կառնվեն։ 


© armedia.am