Հարևան երկրների միջև դրական փոխգործակցությունը հիմքեր կստեղծի տարածաշրջանում խաղաղության հաստատման. Աբդոլլահյանը՝ Չավուշօղլուին

11:40     18 մարտի, 2023

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ, միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին փոխանցում է ParsToday-ը։

Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ տարածաշրջանի և հարևան երկրների միջև դրական փոխգործակցությունը հիմքեր կստեղծի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և միջազգային ասպարեզում համագործակցության ընդլայնման համար:

Ողջունելով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ ձեռք  բերված պայմանավարվածությունը, Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է. «Այդ որոշումը կնպաստի իսլամական աշխարհի դիրքերի ամրապնդմանը և իսլամական երկրների միջև համագործակցության միջոցով տարածաշրջանի խնդիրների լուծմանը»:

Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների  ընդլայնման ուղիները և տարածաշրջանային որոշ հարցեր:


© armedia.am