Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ։
Պարույր Հովհաննիսյանը, գերմանացի խորհրդարանականներին ներկայացնելով տարածաշրջանում անվտանգային բարդ իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքները, կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը։
Նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, ինչպես նաև քաղաքացիական բնակչության ահաբեկումը հրամայական են դարձնում Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը: