Ադրբեջանը մերժել է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ռուսական տարբերակը․ ՀՀ ԱԳ նախարար

21:28     24 մարտի, 2023

Ղարաբաղի հարցի լուծման ռուսական տարբերակը մերժվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին մարտի 24-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում ասել է հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, փոխանցում է News.am-ը: 

«Պնդումներն այն մասին, որ Ռուսաստանն իր կարգավորման տարբերակում առաջարկել է ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ավելի ուշ, իսկ Արեւմուտքը՝ Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը», - ասել է նախարարը։

Իրավիճակը, ըստ նրա, հետեւյալն է՝ ռուսական տարբերակը, որը նախատեսում է կարգավիճակի հարցի հետաձգում, ինչ-որ պահի քննարկվել է, սակայն մերժվել է Ադրբեջանի կողմից։

«Այժմ կողմերը բանակցում են մի տարբերակի շուրջ, որը ենթադրում է միջազգային մեխանիզմների ստեղծում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը վերաբերող խնդիրների լուծմանը» ,- ասել է արտգործնախարարը։

Նրա խոսքով, այդ մեխանիզմների ներդրումը պետք է տեղի ունենա ղարաբաղյան եւ ադրբեջանական կողմերի միջեւ ուղիղ երկխոսության միջոցով։


© armedia.am