ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցերը կառուցողական ձեւով կլուծվեն

15:38     29 մարտի, 2023

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցության բոլոր հարցերը պետք է լուծվեն կառուցողական ձևով, կարծում է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ RTVI-ի հետ զրույցում նա հույս է հայտնել, որ դաշինքից Երևանի հնարավոր դուրս գալու մասին խոսակցությունները շուտով կդադարեն, փոխանցում է News.am-ը։

«Հույս ունենք, որ կդադարեն վնասակար քննարկումները, թե ով որտեղից է դուրս գալիս և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը կառուցողական և փոխշահավետ ձևով կլուծվեն»,- ասել է Գալուզինը:

Նա ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը մշտապես շփվում են ՀԱՊԿ-ի հարցով։ Փոխարտգործնախարարի խոսքով՝ ռուսական կողմը հաստատում է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերի իրականացման պատրաստակամությունը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։


© armedia.am