Ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, որպեսզի հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան վերականգնվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան դադարեցնելու խնդրանքով։ Նշվում էր, որ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններն Իրանում արտադրած հումք են օգտագործում, որի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։ Անդրադառնալով խնդրին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ Իրանում կան այնպիսի կազմակերպություններ, որոնք գտնվում են եվրասիական ռեգիստրում, և նրանցից կաթնային սերուցք գնելը և ՌԴ արտահանվող ապրանքի մեջ օգտագործելը թույլատրվում է։