Թուրքիայում ՀՀ դեսպանատուն բացելու հարց օրակարգում չկա. Չավուշօղլու

21:53     10 ապրիլի, 2023

Թուրքիայում Հայաստանի դեսպանատան բացման հարց օրակարգում չկա, սակայն Երևանն ու Անկարան աշխատում են սահմանային անցումները բացելու ուղղությամբ։ Այս մասին «А Haber» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
«Մոտ հեռանկարում կարող է տեղի չունենալ (Հայաստանի դեսպանատան բացում – խմբ.), քանի որ անհրաժեշտ է սկզբում մյուս քայլերն անել։ Մենք մեր օդային տարածքն ենք բացել Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, մեկնարկել է փոխադարձ օդային հաղորդակցությունը, մեր տարածքով հայկական ավիափոխադրողները կարող են թռչել երրորդ երկրներ։ Բայց ցամաքային անցակետերը բացելու համար, քաղաքական պայմանների հետ մեկտեղ, սկզբում անհրաժեշտ է նախապատրաստել ճանապարհները, վերականգնել կամուրջը։ Եվ կամրջի շինարարության հետ կապված մենք արդեն պայմանավորվածություններ ունենք», – ասել է նա։
Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ ցամաքային սահմանային անցումը ենթադրվում է բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերով անձանց համար։


© armedia.am