Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։
«Նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են ու հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ու 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։ Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը ԵՄ-ի կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը, խոսքը հայկական ու ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմաթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանի։ ԵՄ հայտարարության մեջ ընդգծվել է՝ այդ սահմանագիծը պետք է հարգվի», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե հայտարարությունում ընդգծվում է սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետքաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք։
«Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով։ Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնել ենք 2021 թվականից ու նման գործողությունը բխում է Պրահայի ու Սոչիի պայմանավորվածությունների տրամաբանությունց։ Նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը. Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը։ Այդպես է գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման ու ուժ կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022-ի հոկտեմբերին Սոչիում։ Այդպես է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հարցում», - ընդգծեց Փաշինյանը։