Չինաստանի տնտեսական աճը կարող է ազդել Եվրոպայում գազի գնի վրա. ԱՄՀ

10:13     15 ապրիլի, 2023

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալֆրեդ Քամմերը նշել է, որ Չինաստանի տնտեսության արագացված աճը կարող է բացասաբար ազդել Եվրոպայում գազի արժեքի վրա։ Այս մասին Քամմերը հայտարարել է Վաշինգտոնում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գարնանային համաժողովի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ակնհայտ է, որ այս տարի վտանգ կա, որ եթե Չինաստանի վերականգնումն ավելի արագ լինի, քան մենք ակնկալում ենք, դա ճնշում կգործադրի գների վրա»,- ասել է նա:

Քամմերն ընդգծել է, որ անցած ձմռանը Եվրոպա բնական գազի գնումներն ապահովվել են նաև դեպի Չինաստան մատակարարումների կրճատման հաշվին:

«Գալիք ձմռանը էներգետիկ անվտանգության համար որոշակի ռիսկեր դեռ պահպանվում են՝ հիմնականում գների հետ կապված»,- ասել է նա՝ գնահատելով գալիք ձմեռը Եվրոպայում։


© armedia.am