Ինչպես մենք մեր հայտարարության մեջ անդրադարձել էինք, մենք հայրական հորդոր ենք ուղղել, և հայրական հորդորը բնականաբար ժամանակով չի սահմանափակվում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտնում է NEWS.am-ը:
«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, պատգամի փոխանցման:
Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ և մտահոգիչ: Նաև կատարվում են սխալ և անընդունելի արտահայտություններ Արցախի կարգավիճակի հետ առնչված: Ինչպես նաև մտահոգիչ է ազգային մեր կյանքում մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին: Այդ իմաստով մենք մեծ աշխատանք ունենք կատարելու մեր առջև ծառացած վտանգաշատ խնդիրները կարող ենք լուծման առաջնորդել, հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով: Այս խնդիրը առաջնահերթ խնդիր պետք է դիտարկենք յուրաքանչյուրս մեզ համար»,-հայտարարեց նա: