Բրիտանիայի վարչապետից պահանջել են թույլատրել Շոտլանդիայի անկախության հանրաքվեն

12:17     25 ապրիլի, 2023

Շոտլանդիայի վարչապետ եւ Շոտլանդական ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Համզա Յուսաֆը երկուշաբթի օգտվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ իր առաջին հանդիպումից, որպեսզի նրանից պահանջի թույլատրել անկախության հանրաքվեի անցկացման լիազորություն։ Այս մասին տեղեկացրել է The Daily Telegraph թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես տեղեկացրել է պարբերականը, Յուսաֆը վարչապետի հետ զրույցում հույս է հայտնել, որ նա «կհարգի Շոտլանդիայի խորհրդարանի դեմոկրատական ձգտումները» եւ իրեն պլեբիսցիտի անցկացման լիազորություն կտա։ Մեծ Բրիտանիայից անկախությունը ՇԱԿ-ի հիմնական նպատակն է, որը վերահսկում է տարածաշրջանի խորհրդարանը 2007 թվականից։

Լոնդոնը հետեւողականորեն Էդինբուրգին մերժում է՝ չտալով այդ իրավունքը։ The Daily Telegraph-ի տեղեկացմամբ՝ Սունակն, ի պատասխան Յուսաֆի պահանջի, առաջարկել է հանրաքվեի փոխարեն միասին աշխատել Մեծ Բրիտանիայում կյանքի արժեքն իջեցնելու ուղղությամբ։ Հանդիպումը, ինչպես նշվել է հոդվածում, տեղի է ունեցել Բրիտանիայի վարչապետի խորհրդարանի գրասենյակում եւ տեւել է մոտ 20 րոպե։

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 2014թ.։ Մասնակիցների 55 տոկոսը կողմ է եղել Էդինբուրգի եւ Լոնդոնի միջեւ միության պահպանմանը։ Սակայն Շոտլանդական ազգային կուսակցությունը վերջին տարիներին պնդում է երկրորդ քվեարկության անհրաժեշտությունը, քանի որ Մեծ Բրիտանիան դուրս է եկել Եվրամիությունից (Brexit)։ 2016թ. համազգային հանրաքվեով Շոտլանդիայի բնակչությունը դեմ հանդես եկավ Brexit-ին՝ չնայած Մեծ Բրիտանիան ընդհանուր առմամբ կողմ էր ԵՄ-ից դուրս գալուն։


© armedia.am