Հայաստանի մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում կավելանա

12:44     25 ապրիլի, 2023

Ազգային ժողովը քննարկում է 2023 թ. մարտի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հաղորդում է Aysor-ը:

Համաձայնագրի նպատակն է կարգավորել ԵԱԶԲ-ի կապիտալում ՌԴ մասնաբաժնի վերաբաշխման հետ կապված իրավահարաբերությունները։ Համաձայնագրով ռուսական կողմը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել  64 մլն ԱՄՆ դոլար արժեքով 64 000 բաժնետոմս, իսկ հայկական կողմը պարտավորվում է ապահովել մասնակցության մասնաբաժնի ընդունումն ու վճարել համապատասխան մասնաբաժիններով առաջիկա չորս տարիների ընթացքում։

«2024-2027 թվականներին  յուրաքանչյուր տարի նախատեսվում է 16 միլիոն դոլարին համարժեք ռուբլի վճարում կատարել։ Գործընթացի ավարտին  67 միլիոն դոլար արժեքով բաժնետոմսերը ձեռք բերելու արդյունքում ՀՀ  ներկայիս 0,007% մասնաբաժինը էապես կավելանա՝ կազմելով 4,23%»,- ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այս քայլով Հայաստանը Ռուսաստանի հետ վերահաստատում է շահագրգռվածությունը՝ շարունակել խորացնել հարաբերությունները ԵԱԶԲ-ի հետ։

«Այս քայլը հնարավորություն կտա մեծացնել մեր վարկային պորտֆելը, մեծացնել ներդրումային պորտֆելը։ Սա հնարավորություն կտա մինչև 500 միլիոնի բարձրացնել մեր սահմանաչափը ու հասանելիություն ապահովել մեր մասնավոր հատվածի սուբյեկտներին՝ համապատասխան  ֆինանսական ռեսուրների»,- նշեց փոխնախարարը։

ԵԱԶԲ ներկայիս պորտֆելում Հայաստանը ունի 5,6 տոկոս կշիռ, որը 256 միլիոն դոլար է։


© armedia.am