Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի հանդեպ իր միջազգային պարտավորությունների «աղաղակող խախտման» մասին են հայտարարել ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության և ԵՄ-Վրաստան ասոցիացիայի խորհրդարանական կոմիտեները, փոխանցում է NEWS.am-ը:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետ կապված՝ երեքշաբթի, ապրիլի 25-ին, լուրջ մտահոգություն են արտահայտել Եվրախորհրդարանում։ Այս քայլը հղի է բացասական հետևանքներով և կարող է դիտարկվել որպես «2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ակնհայտ խախտում» և որպես «ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ի պարտադիր ուժ ունեցող որոշումը չհարգելու ակտ», ասված է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի գծով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովի և Ադրբեջանի գծով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Ժելյան Զովկոյի համատեղ հայտարարությունում։
Դատարանի որոշումը Ադրբեջանին պարտավորեցնում է «իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով անձանց և բեռների՝ երկու ուղղությամբ անխոչընդոտ տեղաշարժը», նշել են եվրապատգամավորները։
Նրանք հիշեցրել են, որ ադրբեջանական շրջափակումը շարունակվում է 2022թ. դեկտեմբերի 12-ից, ինչը հումանիտար դժվարություններ է ստեղծում Արցախի բնակչության համար և խափանում խաղաղության հեռանկարները։ «Մենք Բաքվին կոչ ենք անում անհապաղ փոխել ուղեգիծը և պարտավորություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և միջազգային պարտավորություններին և նորմերին հետևելու վերաբերյալ։ ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է օգնել կողմերին բանակցությունների միջոցով բոլոր տարաձայնությունները կարգավորելու հարցում»,- ասված է փաստաթղթում։
Եվրախորհրդարանականներն ափսոսանք են հայտնել, որ Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին։ «Մենք հարգում ենք ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը և կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ զգոնություն պահպանել սադրիչ հռետորաբանության և գործողությունների բոլոր դեպքերի հետ կապված, որոնք ատելություն են հրահրում և խանգարում հաշտեցմանը»,- ամփոփել են հայտարարության հեղինակները։
Լաչինի միջանցքը շրջափակվել է 2022թ. դեկտեմբերի 12-ին ադրբեջանական դրոշներով մարդկանց կողմից, որոնք հավաստիացնում էին, որ բնապահպան-ակտիվիստներ են։ Բաքուն արգելել է օգտագործել Արցախի օդանավակայանը տարածաշրջան մարդասիրական բեռներ հասցնելու համար։ Միջազգային և մարդասիրական շատ կազմակերպություններ անհաջող փորձել են կարգավորել իրավիճակը։ ՄԱԿ դատարանի նախագահը նշել է, որ շրջափակումը հանգեցրել է պարենի, դեղամիջոցների և կենսականորեն անհրաժեշտ այլ ապրանքների անբավարարության։