ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի՝ Կրեմլի վրա ուկրաինական հարձակման հետևում կանգնած է Միացյալ Նահանգները, հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչպես Կիևում, այնպես էլ Վաշինգտոնում դա հերքելու նման փորձերը, իհարկե, ծիծաղելի են: Մենք լավ գիտենք, որ նման գործողությունների և ահաբեկչությունների վերաբերյալ որոշումներ կայացվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում: Եվ Կիևն արդեն անում է այն, ինչ նրան ասում են՝ անել»,- ասել է նա։
Ինչպես հավելել է Պեսկովը, Մոսկվան գիտի, որ «հաճախ անգամ նպատակները Կիևի կողմից չեն որոշվում, այլ դրանք որոշվում են Վաշինգտոնում»։ Դրանից հետո ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին ցույց է տալիս հարձակման օբյեկտ՝ պահանջելով Ուկրաինայի զինված ուժերից իրականացնել հարձակումը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հարվածի միջոցների ընտրության հարցում վճռորոշ ձայնը պատկանում է ԱՄՆ-ին։
Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Մոսկվայում լավ գիտեն ԱՄՆ-ի դերը նախագահական նստավայրի վրա հարձակման գործում։
«Վաշինգտոնում պետք է հստակ հասկանան, որ մենք դա գիտենք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնն է կանգնած Կրեմլի վրա հարձակման հետևում։
Խոսնակը հավելել է, որ Կրեմլի վրա հարձակմանը ԱՄՆ-ի մասնակցության մասին տեղեկությունը ստացել են ռուսական հատուկ ծառայությունները։Նա նաև նշել է, որ այս տվյալները դեռևս չեն բացահայտվել։