Բարձր մակարդակով հանդիպում է լինելու Բրյուսելում, այնուհետև այդ հանդիպումը շարունակվելու է Քիշնևում, որին միանալու են նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը, փոխանցում է news.am-ը:
«Կարծում եմ՝ կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումները և առաջ շարժվենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ամերիկյան կողմը խոսել է Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններում առաջընթացի մասին, ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, ԱԽ քարտուղարն ասաց. «Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել և պետք է իրենց ուղղել այդ հարցը: Մամլո հաղորդագրությունում հայկական կողմը նշել է, որ կան տարաձայնություններ և աշխատելու ենք այդ տարաձայնությունների շուրջ լուծումներ փնտրել»:
Խոսելով տարաձայնությունների մասին, Արմեն Գրիգորյանն ասաց. «Բնականաբար, պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, դա պարտադիր է: Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է այդ պայմաններում: Ինչ վերաբերում է միջազգային երաշխավորների ինստիտուտին, բանակցություններն ընթանում են, և եթե լուծում գտնենք, ապա առաջ կշարժվենք: Այս պահին վերջնական լուծում չկա»: