Ցանկացած ծրագիր իրականացնելիս կարևոր է կարիքի ճիշտ գնահատումը, ինչպես նաև սերտ համագործակցությունը գործադիր իշխանության և օրենսդիր մարմնի հետ: Այն խնդիրները, որոնք գործնականում վեր կհանվեն, հնարավոր է նաև օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն առաջ բերեն, ինչը նշանակում է, որ օրենսդիր մարմինը պետք է տեղյակ լինի նաև ծրագրի ընթացքից ու առաջացած խնդիրներից, որպեսզի կարողանա կա՛մ օրենսդրական փոփոխություններով, կա՛մ Կառավարության քաղաքականությունների միջոցով բարելավել առկա իրավիճակը. ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը՝ «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության անդամների հետ հանդիպման ընթացքում:
ՀՀ ԱԺ հաղորդմամբ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 29-ին, որին մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը:
«Դիմոքրասի Ինտերնեյշնլ» հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Վասերսթրոմը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) կողմից ֆինանսավորվող «Պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը, որի նպատակն է բարելավել խոցելի և մարգինալացված խմբերի կյանքը՝ օրենսդրական կարգավորման դաշտի փոփոխությունների, բարելավված ծառայությունների ու պետական և ոչ պետական դերակատարների միջև համագործակցության ակտիվացման միջոցով: «Ծրագրի նպատակն է օգնել թիրախային խոցելի խմբերին Հայաստանում: Ցանկանում ենք վերհանել մարգինալացված և խոցելի խմբերի կարիքները, որպեսզի կարողանանք աջակցել Կառավարությանը՝ ունենալու որակյալ սոցիալական ծառայություններ: Կարևոր է նաև, որ բոլոր այն ծառայությունները, որոնք պետք է ստանան խոցելի և մարգինալացված խմբերը, լինեն ճիշտ ժամանակին և տեղին»,- ասել է Ջեյմս Վասերսթրոմը:
5 տարվա ժամանակահատվածով մեկնարկած ծրագիրը, որն ունի 5 բաղադրիչ, միտված է նաև ճգնաժամային իրավիճակներում մարդկանց սոցիալական պաշտպանությանը:
Մանրամասն ներկայացնելով ծրագրի բաղադրիչները՝ հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել է ներառմանը, պաշտպանությանն ու հզորացմանն ուղղված քաղաքականություններին և օրենսդրական բարեփոխումներին, որոնք կազմում են ծրագրի առաջին բաղադրիչը: Երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ներդնել ներառմանը, պաշտպանությանն ու հզորացմանն ուղղված բարելավված ծառայություններ խոցելի և մարգինալացված խմբերի համար: Ըստ բանախոսի՝ երրորդ բաղադրիչով նախատեսվում է ընդլայնված պաշտպանություն և ներառում՝ անկայունության և բռնի ռազմական գործողությունների ենթարկվածների համար:
Ծրագրի չորրորդ բաղկացուցիչ մասը վերաբերում է իրազեկմանը, հաղորդակցությանը և սոցիալական ոլորտի քաղաքականությունների ու ծառայությունների մասով հետազոտություններին: Հինգերորդ բաղադրիչն ադապտիվ սոցիալական պաշտպանությունն է՝ ուղղված գլոբալ կամ ներքին ճգնաժամերի ազդեցություններին:
Ծրագրի հիմնական ոլորտային գործընկերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Ծրագրի շրջանակում աջակցություն է ցույց տրվելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ներդնելու գնահատման և մշտադիտարկման համակարգ, ինչպես նաև իրականացնելու հանրային իրազեկում և հաղորդակցություն: Նախատեսվում է նաև աջակցություն ուսուցողական օրակարգի կազմման գործում, կձևավորվի բազմաոլորտային աշխատանքային խումբ՝ սոցիալական պաշտպանության համակարգում բարեփոխումների գործընթացին աջակցելու, ինչպես նաև խոցելի խմբերի ձայները վեր հանելու նպատակով:
Ծրագրի առաջին տարվա ընթացքում իրականացվելու է պաշտպանության ոլորտում առկա կարիքների գնահատում, որը զուգակցվելու է նաև գենդերային հավասարության և սոցիալական ներառվածության թեմայով վերլուծության հետ: Վերոնշյալ հետազոտությունները կմեկնարկեն սույն թվականի հունիսից, որոնց նպատակն է հասկանալ, թե տվյալ պահին սոցիալական ինչ ծառայություններ են մատուցվում թիրախային և խոցելի խմբերին, վերհանել բացերը և լրացնել դրանք: Սեպտեմբերին պատրաստ կլինեն հետազոտության արդյունքները, որոնք կանխորոշիչ կլինեն ծրագրային հետագա առաջնահերթությունները սահմանելու համար:
Զարուհի Բաթոյանը կարևորել է թիրախային խմբերի մասնակցությունը ծրագրի իրականացման գործընթացում: Խոսելով կոնֆլիկտներից տուժած անձանց մասին՝ նա գնահատել է արագ արձագանքման ծրագրերը:
Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ շատ հասարակական կազմակերպություններ բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր են իրականացնում, բայց երբեմն հստակ արդյունքներ չեն ամրագրում: Ուստի նա ևս մեկ անգամ կարևորել է հստակ, շոշափելի և տեսանելի արդյունքների գրանցման կարևորությունը: