Եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար

21:42     4 հունիսի, 2023

Քիշնևում  սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք,  չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այդ հարցը, սակայն առաջընթաց ունենք: Այս մասին «Լուրեր»-ի կիրակնօրյա հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է News.am-ը:

«Բոլոր հարցերը կարևոր են և բոլոր հարցերը փոխկապակցված են միմյանց հետ: Ես համոզված եմ, որ եթե մենք հումանիտար հարցերում առաջընթաց ունենանք, այսինքն եթե բոլոր գերիները ազատվեն, անհայտ կորած անձանցղ մասին մենք կարողանանք ինֆորմացիա հայթայթել և հասկանալ նրանց ճակատագիրը, ինչպես նաև ապաշրջափակման հարցում, ԼՂ  հիմնախնդիրը, այսինքն՝ Ստեփանակերտ - Բաքու երկխոսության և քննարկումների վերաբերյալ, այսինքն անվտանգությունն ու իրավունքները քննարկվի այս ֆորմատով, կարծում եմ, որոշակի քայլերով առաջ ենք գնում»,- ասաց նա:

Հարցին, թե մոտենում ենք արդյոք խաղաղության պայմանգրի ստորագրմանը, ԱԽ քարտուղարն ասաց, որ բանակցությունները շատ ինտենսիվ են գնում և եթե կարողանան պահպանել այս ընթացքը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր:

«Մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ և այդ լուծումների շրջանակում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայագիր ունենանք»,-ասաց նա:


© armedia.am