«Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերությունները Մհեր Գրիգորյանին տեղեկացրել են Ամուլսարի հանքավայրը համատեղ շահագործելու իրենց մտադրության մասին

18:22     6 հունիսի, 2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն և նախագահ Ջասթին Դիբբին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ 

Հյուրերը տեղեկացրել են փոխվարչապետին Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի և պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր:

Երկուստեք կարևորվել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը` բնապահպանական և սոցիալական կառավարման միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան:


© armedia.am