Մոսկվան գրեթե ամենօրյա կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ՝ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցերով. Օվերչուկ

12:12     16 հունիսի, 2023

Մոսկվան գրեթե ամենօրյա կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցերով, ՌԻԱ Նովոստի-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, ապահովում է հաղորդակցություն Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների միջև, երկխոսության հարթակ: Ես երբեք չեմ պատասխանում այն հարցին, թե կոնկրետ երբ կլինի ապաշրջափակումը, որքան արագ կամ դանդաղ՝ երբ կողմերը պայմանավորվեն, այդ ժամանակ էլ դա տեղի կունենա»,- ասել է նա։

Օվերչուկը նաև ասել է, որ ինքը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է հարցեր, որոնք չլուծված են մնացել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ Մոսկվայում հանդիպումից հետո։

«Հիմնական աշխատանքը շարունակվում է, մենք գրեթե ամեն օր կապ ենք պահպանում ադրբեջանական և հայկական կողմի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայով, իրականում այդպես է։ Մենք անընդհատ շփվում ենք՝ հեռախոսազանգեր, ֆայլերի փոխանակում։ Աշխատանքը միայն հանդիպումից հանդիպում  չէ, որ արվում է»,- ասել է նա՝ պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետների մասին հարցին։

Ավելի վաղ՝ հունիսի 2-ին, Մոսկվայի, Բաքվի և Երևանի աշխատանքային խմբի հանդիպումից հետո Օվերչուկը զգալի առաջընթաց էր նկատել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ երկխոսության մեջ։


© armedia.am