Տեղումներն Արցախում մեղմում են էներգետիկ ճգնաժամը, սակայն տոտալ շրջափակման պատճառով իրավիճակը կարող է ավելի ծանր լինել. ՏԿԵՆ խոսնակ

15:01     22 հունիսի, 2023

Ընթացիկ տարվա հունիս ամսում անձրևաջրերի աննախադեպ ծավալներն  Արցախում  որոշակիորեն մեղմում են էներգետիկ ճգնաժամը, բայց  չեն կարող վերականգնել ներկայում էլեկտրաէներգիայի հիմնական ռեսուրս  հանդիսացող Սարսանգի ջրամբարի նախկին պաշարները:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  նշեց  Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը:

«Ջրամբարի  ծավալի  վերականգնումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը դադարի խոչընդոտել Հայաստանի Հանրապետությունից Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի վերականգնումը: Այդ պարագայում ստիպված չենք լինի մեծ ծավալով օգտագործել ջրամբարի ռեսուրսները, և մոտ  մեկ  տարվա ընթացքում կվերականգնվի  նախկին ծավալը»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ Արցախի կառավարությունը տարբեր միջոցառումներով, էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կրճատման միջոցով,  ջրամբարում որոշակի ջրային պաշարներ է փորձում կուտակել՝  առաջիկա ամիսներին և հատկապես  ձմռանն   ավելի արդյունավետ դիմակայելու  խորացող էներգետիկ ճգնաժամին:

Մեր զրուցակցի խոսքով՝  ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով սահմանափակ հումանիտար բեռների տեղափոխման հնարավորության պարագայում Կառավարությունը նախատեսում էր իրագործել  այլընտրանքային  էներգիայի օգտագործման ծրագիր, սակայն օրեր առաջ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով Արցախը հայտնվել է   լիակատար շրջափակման մեջ,  ինչն  անհնար  է դարձրել անհրաժեշտ սարքավորումների  ներկրումը: Իրավիճակի շարունակականության պարագայում էներգետիկ ճգնաժամը սպասվածից ավելի ծանր կարող է լինել:


© armedia.am